Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Դիլիջանի ասպետն ու սիրահարը

Դիլիջանի ասպետն ու սիրահարը
24.02.2017 | 12:00

Նա 70 տարեկան է, և սա որքան ակնառու, նույնքան էլ անհավատալի փաստ է, քանի որ գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության գեղանկարի բաժնի նախագահ ՀԱՄԼԵՏ ԱՍԱՏՐՅԱՆԻՑ կենսախնդությունն ուղղակի հորդում է: Նրան հանդիպեցի Իջևան ուղևորվելուց առաջ: Բլից զրույցս ներկայացնում եմ մեր արվեստասեր ընթերցողներին, հետո նրանք կծանոթանան նկարչի արվեստի հետ՝ արդեն մասնագետների բնութագրումներով:


-Դժվար չէ՞ պարբերաբար ուղևորվել Իջևան, դասավանդել և Երևան վերադառնալ:
-Ծառայողական շարժակազմը դասախոսներիս գրեթե աննկատ հասցնում է Իջևան, որտեղ դասավանդում ենք ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղում: Երկու ժամվա ճանապարհ է, խոսք ու զրույցով տարված տեղ ենք հասնում: Համալսարանին կից քոթեջներ կան, որտեղ լիարժեք հանգստանում ենք, պատրաստվում դասավանդմանը: Իհարկե, տեղի կադրերը ևս դասավանդում են: Ինքս գեղանկարչություն և գծանկարչություն եմ դասավանդում, կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի վարիչն եմ և գեղխորհրդի նախագահը: Համալսարանական մասնաճյուղի ղեկավարն է պատմական գիտությունների թեկնածու Սամվել Առաքելյանը, որը ստեղծել է բոլոր անհրաժեշտ պայմանները և՛ ուսանողության, և՛ դասախոսների համար: ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղում ուսանում են տարածաշրջանի երիտասարդները, չզարմանաս, նաև ուսանողներ մայրաքաղաքից:


ԲՆԱՆԿԱՐԸ ՆՐԱ ՏԱՐԵՐՔՆ Է
Նախորդ դարի 50-ական թվականներն էին: Գեղանկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ազգագրագետ, հնագետ, թանգարանային գործի նվիրյալ Հովհաննես ¥Վանիկ¤ Շարամբեյանը Դիլիջանի կենտրոնական գրադարանին կից ստեղծել էր նկարչական ստուդիա և իր շուրջը համախմբել նկարչական ձիրք ունեցող երեխաների: Համլետ Ասատրյանը դարձավ Շարամբեյանի սանը, ու հենց նա էլ ապագա նկարչի սրտում վառեց սերը դեպի գեղեցիկը, բարին, կատարյալը:
Հետագայում Համլետ Ասատրյանը կրթությունը շարունակել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, ապա ավարտել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարի բաժինը: ՈՒսումնառության տարիներին աչքի է ընկել իր բացարձակ գիտելիքներով, աշխատասիրությամբ, և պատահական չէ, որ գերազանցության դիպլոմով է ավարտել և՛ ուսումնարանը, և՛ ինստիտուտը:


Շուրջ 40 տարի է, ինչ գեղանկարիչը զբաղվում է բեղմնավոր ստեղծագործական գործունեությամբ: Նա ստեղծել է բազմաթիվ արժեքավոր գործեր, մասնակցել ցուցահանդեսների թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանյան երկրներում:
Համլետ Ասատրյանը բազմաժանր նկարիչ է, ունի իր ասելիքը և այն մատուցում է մեծ հմտությամբ: Իր ստեղծագործական կյանքի ընթացքում ստեղծել է բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, շարժեր, կատարել բազմաթիվ թատերական ներկայացումների ձևավորումներ: Նկարիչը հավասարապես աշխատում է յուղաներկով, ջրաներկով, պաստելով, խառը տեխնիկայով: Որտեղ էլ լինի նկարիչը, նրա ձեռքին միշտ կարելի է տեսնել թուղթն ու մատիտը, պատկերում է կյանքից ստացած անմիջական տպավորությունները, որոնք հետագայում օգտագործում է կտավներ ստեղծելիս:
Ընդամենը մի քանի րոպեում գեղանկարիչը կարողանում է ստեղծել ուշագրավ բնանկար, հրաշալի դիմանկար, շարժ կամ նատյուրմորտ:
Բնանկարը Համլետ Ասատրյանի տարերքն է: Դրանք բնությունից նկարչի ստացած անմիջական տպավորություններն են, հուզական ապրումների վերարտադրումը, որոնք կատարված են սիրով, բնության մեջ թաքնված գեղեցիկը գտնելու և ցուցադրելու ձգտումով: Դրանց մեջ կան տարվա բոլոր եղանակներն ու օրվա բոլոր պահերը ներկայացնող կտավներ, որոնք բազմազան են թե՛ իրենց բովանդակությամբ, թե՛ տրամադրությամբ, թե՛ գեղանկարչական միջոցների կիրառմամբ:


Գեղանկարիչը անսահման սիրով ու ջերմությամբ է կապված իր հայրենի եզերքին: Նա ծնվել է Հայաստանի Դիլիջան քաղաքում, ուր երկինքն ավելի կապույտ է, արևն ավելի տաք ու ջերմացնող, կանաչն այնքան աչք շոյող, ծաղիկները բազմագույն ու հոտավետ: Թեև շուրջ 50 տարի է, ինչ նկարիչն ապրում է մայրաքաղաքում, սակայն սերը դեպի հայրենի եզերքը որպես անմոռանալի հիշողություն, ապրում է արվեստագետի սրտում մինչև այսօր և թափանցում նրա կտավների մեջ:
Տավուշի մարզն իր անտառներով, Աղստև գետով, սարերով ու դաշտերով, փոքրիկ գյուղերով ոգևորում է նկարչին ստեղծելու անկրկնելի բնանկարներ, որոնք առանձնանում են բանաստեղծական շնչով, հագեցած են յուրօրինակ լավատեսական տրամադրությամբ, հոգեհարազատ են, գրավիչ ու սիրելի:
Գեղանկարչին հետաքրքրում է Դիլիջանի հետ կապված ամեն ինչ՝ յուրօրինակ բնությունը, հին ճարտարապետությունը, եկեղեցիները, Աղստև գետը, դաշտային ծաղիկներն ու թավ անտառները: Թեև նկարիչը շարունակ դիմում է Դիլիջանի թեմային («Դիլիջանյան բնանկար», «Դիլիջանյան երեկո», «Հին Դիլիջան», «Եղևնուտ. Դիլիջան», «Իմ արվեստանոցից», «Դիլիջանյան համայնապատկեր» և այլն), սակայն դրանք երբեք չեն կրկնվում, յուրաքանչյուր կտավ առանձնանում է նկարչական առանձին հմայքով ու արժանիքներով:


Համլետ Ասատրյանը հիմնականում աշխատում է պլեներում: Բնության մեջ թագավորում է ներդաշնակությունը, իշխում լռությունն ու խաղաղությունը: Որսալով բնության ակնթարթային վիճակը, արվեստագետը ձգտում է պատկերել հայրենի բնության գեղեցկությունը, ստիպում սիրել ու գնահատել այն: «Վաղ գարուն», «Իմ աշխարհը», «Աշուն», «Միջօրե», «Դենդրոպարկ», «Վաղ գարունը իմ սարերում» և այլ կտավներում Ասատրյանը հաղորդում է բնության տարբեր վիճակների ընկալման անմիջականությունը:
Հայկական բնության գեղեցկությունն Ասատրյանը մատուցում է որպես հարազատ երկրի գովերգում, որը հնչում է որպես երգ, որպես ձոն հայրենիքին:
«Աշնանամուտ», «Խենթացած լեռներ», «Կանաչ անուրջներ», «Փետրվար», «Աղստևը աշնանը», «Սարերս ձմռանը» և այլ կտավներում նկարիչը ձգտում է տալ ոչ միայն կոնկրետ վայրի ճշմարիտ պատկերումը, այլև հաղորդում է բնության վիճակը, տեղանքի գեղեցկությունը՝ խոնավ հողը, գունագեղ տերևների թարմությունը, խենթորեն դեպի վեր ձգվող լեռների վեհությունը, ամպի տակից դուրս լողացող արևի ճառագայթների տակ շողացող լիճը: Դրանք կատարված են վառ, հագեցած գույներով և լի են կենսասիրությամբ:


Նկարչի և ոչ մի աշխատանք պատահականորեն չի ստեղծվել: Ասատրյանը գտնում է տեսարաններ, որոնք համահունչ են նրա ներաշխարհին: Բնականաբար, ամեն ինչ խորությամբ զգացել, ապրել է նկարիչը: Այդ է պատճառը, որ աշխատանքները հուզում են խոր զգացմունքայնությամբ:
Բնությունը պատկերելու վարպետությունը նկարչի հսկայական աշխատանքի, երկարատև որոնումների արդյունքն է: Համառ և հետևողական աշխատանքով է արվեստագետը հասել գույնի կիրառման վարպետությանը, կոմպոզիցիայի պարզությանը, գույների հնչեղությանը, թափանցիկությանը: Նրա կտավներում բնությունից ստացած տպավորությունները անմիջական են ու անկեղծ, տարածությունները՝ օդառատ, գույները՝ նուրբ ու հմայիչ:
Քիչ չեն նաև նկարչի ստեղծած դիմանկարները, որոնք առանձնանում են ներքին խորությամբ, սուր դիտողականությամբ, պատկերվողի անհատական նկարագրի հատկանիշներով, բնորոշը ընդգծելու կարողությամբ, գունային նրբերանգներով: Դրանք կատարված են գեղանկարչական տարբեր միջոցների կիրառմամբ: ՈՒշագրավ են նաև էտյուդային դիմանկարները, որոնք նկարիչը ստեղծում է աներևակայելի արագությամբ և դիպուկ բնութագրումներով:
Ասատրյանի ստեղծագործության մեջ չափազանց շատ են հատկապես նատյուրմորտները, որոնք հիմնականում դաշտային ծաղիկներ են: Գեղանկարչությանը անմնացորդ նվիրված արվեստագետը մեծ ոգևորությամբ ու հիացմունքով է նկարում Հայաստանի բազմագույն ծաղիկները: Կոմպոզիցիայի հմուտ կառուցումը, կատարման եղանակը, գույների ու երանգների նուրբ համադրումը ստեղծում են հրաշալի տրամադրություն: Աշխատանքներում երևում են նկարչի ջերմ վերաբերմունքն ու անսահման սերը պատկերված յուրաքանչյուր առարկայի նկատմամբ («Խնձորով նատյուրմորտ», «Սպիտակ ծաղիկներ», «Աշնանային ծաղիկներ», «Ծաղկային սիմֆոնիա» և այլն):


Շուրջ 40 թատերական ներկայացումների ձևավորման հեղինակ է Համլետ Ասատրյանը: Պետք է նշել, որ թատերական ձևավորումները նկարչից առանձնահատուկ հմտություն ու անմնացորդ նվիրում են պահանջում:
Ներկայացումները ձևավորելիս Համլետ Ասատրյանը բեմի տարածքը դիտում է որպես մի մեծ կտավ, ուր ստեղծում է իր հեքիաթային, գունագեղ աշխարհը: Չափազանց շատ են այն ներկայացումները, որոնց ձևավորման աշխատանքները իրականացրել է Համլետ Ասատրյանը՝ «Երկու տիրոջ ծառան», «Անօժիտը», «Սերը ծփիների տակ», «Բալլադ ուրախ արտույտների մասին», «Ատամնաբույժն արևելյան», «Աշնան արև», «Մեծ աշխարհի մեր անկյունը», «Արջը», «Սերը ծովափին» և այլն: Դրանք բոլորն էլ բարձրարվեստ գործեր են, որոնք աչքի են ընկնում ազատ ու անկաշկանդ ձևամտածողությամբ, ազգայինի ու արդիականի միաձուլումով: Այդ աշխատանքները ժամանակին ընդունվել և գնահատվել են խստապահանջ հանդիսատեսի կողմից:


Լայն են Համլետ Ասատրյանի ստեղծագործական ընդգրկման շրջանակները: Օժտված լինելով բացառիկ աշխատասիրությամբ՝ շնորհաշատ նկարիչը ստեղծագործելու մեջ է տեսնում կյանքի իմաստը և իր արվեստով հաստատում է կյանքի գեղեցկությունը: Նա գերում է դիտողին իր արվեստի արտասովոր ուժով, զգացմունքի անմիջականությամբ և մաքրությամբ, վարակիչ կենսասիրությամբ:


Սյուզաննա ՓԻԼՈՍՅԱՆ
Արվեստաբան

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2696

Մեկնաբանություններ